Հայաստանի Ազգային արխիվը մտադիր է առաջիկա 2-3 տարում ստալինյան բռնաճնշումների զոհերի վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու հրապարակել: Ինչպես հայտնում է News.am-ը՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնել է, որ ժողովածուն կազմված կլինի 4-5 հատորից, առաջին հատորն արդեն խմբագրվում է:
«Կան և՛ հրամաններ, և՛ ցուցակներ: Պաշտոնապես բռնաճնշումները պատճառաբանվել են այն անձանց վնասազերծմամբ, որոնք պատերազմի ժամանակ կարող էին 5-րդ շարասյուն դառնալ: Մանկության տարիներից իմ երազանքն է հստակություն մտցնել այս մարդկանց ճակատագրերում»,- նշել է Վիրաբյանը: ««Գնդակահարություն կամ աքսոր» հարցը լուծվել է՝ ելնելով մարդու տարիքից և աշխատունակությունից: Մեծ մասը ճամբարներից չի վերադարձել»,- ասել է Վիրաբյանը:
Ժողովածուն ռուսերենով կհրապարակվի: Փաստաթղթեր են ստացվել նաև Ռուսաստանից, քանի որ հայերին աքսորում էին ոչ միայն Հայաստանից, այլ նաև ԽՍՀՄ մյուս հանրապետություններից: Ծրագրվում է, որ ժողովածուն կհրապարակվի մինչև 2020 թվականը:
Բռնաճնշվածների թվում են եղել նաև Առաջին հանրապետության բանակի սպաներ: Մեծ մասը գնդակահարվել է: Նրանց թաղման վայրը ճշգրիտ հայտնի չէ, սակայն մեծ հավանականությամբ այդ վայրում է հիմա տեղադրված «Հրազդան» մարզադաշտը: