Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած մարդ կարող է հայ լինել՝ անկախ կրոնական և քաղաքական համոզմունքներից, կարևոր դեր է խաղացել, որպեսզի ամբողջ աշխարհի մահմեդական հայերը սկսեն ավելի բաց հայտարարել, որ իրենք հայ են: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավորի Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում մարդու պատկանելիությունը հայ ազգին, եթե նախկինում քաղաքացիություն ստանալու համար օտարերկրյա հայերից պահանջվում էր վկայագիր ներկայացնել առ այն, որ անձը կնքվել է Հայ առաքելական եկեղեցում, ինչն անընդունելի է, փոխանցում է News.am-ը:
Ինչպես նշեց Հակոբյանը, ոչ վաղ անցյալում Հայաստանի շատ բնակիչներ աթեիստներ էին, սակայն դա չէր նշանակում, որ իրենք հայ չեն: «Աշխարհազգացումի հարցը, անշուշտ, պետք է հաշվի առնել, և եթե մարդը իրեն հայ է զգում, չի կարելի դա անտեսել», - նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանի քաղաքացիության տրամադրման հետ կապված շատ հարցեր լուծվել են, և ընթացակարգը պարզեցվել է: Այդպես, բավարար կլինի, որպեսզի միայն երկու կազմակերպություն հաստատի կոնկրետ անձի ազգային պատկանելիությունը, և այդ դեպքում նա օրինականորեն կարող է հայ համարվել և լուծել երկքաղաքացիության խնդիրը: