Բուլղարիայի Շումեն քաղաքի համալսարանում պահվում է թուրքերենով հայատառ գրված Աստվածաշունչ, հաղորդում է Sputnik-Արմենիան՝ բուլղարական TVN հեռուստաալիքին հղումով։
Գիրքը հրատարակվել է հայ բողոքական Հակոբ Մաթեոսյանի հրատարակչությունում Կոստանդնուպոլսում 1915 թվականին։
Ենթադրվում է, որ գիրքը նախատեսված է եղել լեզուն կորցրած, բայց հավատը պահպանած հայերի համար։ Այդպիսով` «Ալլահին էմիրլերին», այսինքն` Աստծո պատգամներն այդ մարդիկ կարող էին կարդալ թուրքերենով։
«Անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ` հասկանալու համար, թե հատկապես ինչի համար է հրատարակվել գիրքը», - նշում է համալսարանի գրադարանի գիտաշխատող Յորդանկա Մոսկովան։
Գիտնականների հաշվարկներով թուրքերեն լեզվով հայերեն տառերով տպվել է ավելի քան 2500 գիրք։ Դրանք հիմնականում տպվել են Օսմանյան կայսրության տարիներին։ Թեև Աթաթուրքի օրոք նույնպես լույս են տեսել, բայց ավելի քիչ թվով։