«Արսենալը» փորձում էր «որսալ» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին դեռ այն ժամանակից, երբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» չէր տեղափոխվել։ Այս մասին ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով Skysports-ին, հայտնել է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը։
Նա խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շրջանում։ Նրա խոսքով` «այն ժամանակ մենք մոտ էինք (գործարքին), սակայն չստացվեց»։
Ինչ վերաբերում է Մխիթարյանի ապագային «Արսենալում», Վենգերը նշել է, որ փոքր-ինչ մտահոգում է հայ կիսապաշտպանի կարիերայում «մանչեսթերյան անհաջող շրջանի» հավանական հետևանքը։
«Իհարկե, մտահոգում է այն, թե ինչպես է դա անդրադարձել Մխիթարյանի վրա։ Սակայն սա նրա համար նոր հնարավորություն է։ Այն ամենը, ինչ ձեզ պետք է կյանքում, երկրորդ հնարավորությունն է։ Համոզված եմ Մխիթարյանի որակական հատկանիշների հարցում, և նա կօգտագործի այդ հնարավորությունը», - ասել է Վենգերը։