Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը փորձում է ստույգ տվյալներ պարզել Աֆրինում հայի տան գնդակոծման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաղորդում է News.am-ը։
Նրա խոսքով, խիստ նախնական տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի հայի տան վրա։ Այդ տեղեկությունները, սակայն, դեռ խոսակցությունների մակարդակի են, դեսպանատունը գործակցում է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ պարզելու տեղեկության իսկությունը։ «Այս պահին նաև համայնքի ղեկավարությունը ստույգ տեղեկությունների չի տիրապետում։ Հավելյալ տեղեկություններ ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,- նշել է Բալայանը։
Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։