Հունվարի 26-ին ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նախապես հաստատված օրակարգի համաձայն` նստաշրջանի ընթացքում անհապաղ քննարկումներ են անցկացվել Իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման և Եվրոպայի խորհրդի դերի վերաբերյալ, քննարկվել է նաև Սիրիայում թուրքական զորքերի միջամտության հարցը: Ձմեռային նստաշրջանի «VIP» մասնակիցներ էին Հայաստանի և Ավստրիայի նախագահները, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու գահաժառանգ արքայադուստրը: Այս նստաշրջանի կարևոր իրադարձություններից էր նաև այն, որ ընտրվեց նոր նախագահ` ի դեմս իտալացի Միկելե Նիկոլետտիի՝ փոխարինելով այս պաշտոնում Ստելլա Կիրիակիդեսին (Հունաստան): Այսպիսով, Նիկոլետտին դարձավ ԵԽԽՎ 31-րդ նախագահը և երկրորդ իտալացին, ով ստանձնում է այս պաշտոնը՝ սկսած 1949 թվականից: Նշենք, որ, համաձայն ԵԽԽՎ կանոնների, նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով և մեկ անգամ վերընտրվելու իրավունքով: Նստաշրջանի ընթացքում ընտրվեցին նաև Մարդու իրավունքների հարցերով նոր հավատարմատար և ԵԽԽՎ փոխնախագահներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ստրասբուրգում մասնակցելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Բացի այդ, նախագահը հանդիպում է ունեցել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ: Նշենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից գնահատել է որպես խաղաղ և ողջամիտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հավելել է, որ Հայաստանն օրինակելի պետություն է:
Նշենք, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվել է բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Այն մասին, որ զեկույցում տեղ գտած ձևակերպումները փոխզիջումային են երկու կողմերի համար էլ, հայտարարել է նաև ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը: Արդյունքում, ԵԽԽՎ-ն ընդունել է զեկույցը 39 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ուստի կարող ենք փաստել, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը եղել է արդյունավետ՝ հաշվի առնելով վեհաժողովի նախագահի հաջող ընտրությունը, ՀՀ նախագահի հաջողված ելույթն ու դրա հետ կապված դրական արձագանքները, ինչպես նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացրած զեկույցի ընդունումն առանց որևէ հակահայկական ձևակերպումների: