Հայտնի իսրայելցի բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Տուրան ՏՎ» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես են նրա հետ վարվել Բաքվի բժիշկները, մասնավորապես, ատամնաբույժները, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Ընդհանուր առմամբ, բուժսպասարկումը տանելի էր, փառք աստծո, բանտում որևէ լուրջ հիվանդություն ձեռք չեմ բերել։ Ատամների հետ կապված խնդիր ունեի, հավանաբար, վատ սնունդն էր պատճառը, ատամներս սկսեցին ճաքել և կոտրվել։ Ինձ բժիշկի տարան», – պատմում է նա։
Բլոգերի խոսքով` ատամները նրա բուժում էին առանց անզգայացման, իսկ բժիշկը ծիծաղելով բացատրեց, որ «հայ լրտեսներին անզգայացում չի հասնում»։
«Շատ ցավոտ էր ու տհաճ, առավել ևս, որ ես հայ լրտես չեմ, և նման թեմաներով կատակելն անտեղին եմ համարում», - ավելացրել է Լապշինը։
Բլոգերը նշել է նաև, որ բացի վերջին օրից, երբ նրան ուզում էին սպանել, նրան խոշտանգումների չեն ենթարկել։
«Սակայն միջանցքներում լսվում էին մյուս բանտարկյալների ճիչերը, որոնք ինձ սպառնում էին ու «հայ մարմնավաճառ» անվանում», – ասել է նա։