Օրերս Չեխիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որին մասնակցում էին գործող նախագահ Միլոշ Զեմանը և Չեխայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Յիրժի Դրագոշը, ով Եվրոպայում ամենահայտնի գիտնական-քիմիկոսներից է:
Ընտրությունների վերջնարդյունքի համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 66.6%-ը: Զեմանը վերընտրվել է Չեխիայի նախագահի պաշտոնում՝ ստանալով ընտրողների ձայների 51.67%-ը՝ 2.8 մլն ձայն:
Նախքան ընտրությունները սոցիոլոգները վստահեցնում էին, որ Զեմանի ընտրազանգվածը հիմնականում կազմում են գյուղերի և գյուղաքաղաքների բնակիչները, տարիքով մեծերը, կրթության ցածր մակարդակ ունեցողները, պահպանողականները: Իսկ Դրագոշին, հակառակը, աջակցում էին քաղաքային մտավորականությունը, ուսանողությունը, երիտասարդ գիտնականները: Ընտրությունների առաջին փուլում պարտված յոթ թեկնածուներից հինգը կոչ էին արել՝ քվեարկել հենց Դրագոշի օգտին:
Փասորեն, սոցիոլոգների կանխատեսումներն իրենց արդարացրին. Զեմանը հաղթեց 13 մարզերից 11-ում՝ պարտվելով միայն մայրաքաղաք Պրահայում և Կենտրոնական-Չեխական մարզում: Արդյունքների ամփոփումից հետո Դրագոշն ընդունել է պարտությունն ու շնորհավորել նորընտիր նախագահին:
Ընտրությունների արդյունքների հրապարակմանն անմիջապես հաջորդեցին շնորհավորանքներն ու կարծիքները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիններից էր, որ շնորհավորեցին Զեմանին: Ըստ Պուտինի՝ Զեմանի վերընտրվելը ցույց տվեց, որ նա երկրում «մեծ հեղինակություն է վայելում»: Պուտինը նրան բնորոշել է որպես փորձառու և պատասխանատու քաղաքական գործիչ, ով հոգ է տանում երկրի կարիքների մասին, փոխանցում է «Ռիա» գործակալությունը:
Պուտինը նաև առաջարկել է խորացնել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում: Արդեն կան որոշակի կանխատեսումներ երկրի արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ, մասնավորապես՝ Չեխիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ Զեմանի նախագահության երկրորդ շրջանում վերջնական կարգավորում կստանան Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Ըստ երկրում և նրա սահմաններից դուրս ձևավորված կարծիքի՝ Զեմանը փորձում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի և Չինաստանի հետ, կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացմանը: Ի տարբերություն նրա՝ Դրագոշը կողմ էր ՆԱՏՕ-ԵՄ ուղղությանը և հակառուսական սանկցիաների պահպանմանը:
Ինչպես և կարելի էր կանխատեսել, Եվրոպայում շտապեցին Չեխիայի նորընտիր նախագահին մեղադրել պոպուլիզմի և մուսուլման փախստականների նկատմամբ բացասական տրամադրվածության մեջ: Ըստ եվրոպացի գործիչների՝ Զեմանն է կրում Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը:
Եվրոպական վերլուծական-հետազոտական կենտրոնները նույնիսկ մեղադրեցին Ռուսաստանին՝ նախագահական ընտրությունների ընթացքին խառնվելու մեջ՝ Դրագոշի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելու մասով: Բրիտանական և գերմանական հեղինակավոր թերթերը Զեմանին համարում են «ռուսամետ» և «հակաարևմտյան դիրքորոշում ունեցող»:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսին Հայաստան կատարած պետական այցի շրջանականերում Զեմանը խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և նշել, որ այն «ժխտողներն իսկական վախկոտներ են»: Նա խոսել է նաև Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին՝ առանձնացնելով հատկապես էներգետիկ ոլորտն ու նորագույն տեխնոլոգիաները: