Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին է նվիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին փրկելու համար հայտնի դարձած գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերի` իր կնոջն ուղղված նամակի բնօրինակը: РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարելէ Իսրայելի վարչապետի մամլո քարտուղար Աննա Յոնաթան-Լեուսը:
Նրա խոսքով, Նեթանյահուն, ով մեկօրյա այցով ժամանել է Մոսկվա, շատ զգացված է նվերից և պատրաստվում է հանձնել այն Երուսաղեմի «Յադ վա-Շեմ» հուշահամալիրին, որը համարվում է Հոլոքոստի պատմության ուսումնասիրման և զոհերի հիշատակի պահպանման ամենախոշոր կենտրոնն աշխարհում:
Պատերազմի տարիներին Շինդլերն օգնել է փրկվել ավելի քան հազար հրեաների՝ ընդունելով նրանց աշխատանքի իր գործարաններում: Արդյունաբերողի պատմությունն ընկած է Թոմաս Քենիլիի «Շինդլերի տապան» գրքի հիմքում, որի հիման վրա հետագայում նկարահանվել է «Շինդլերի ցուցակ» ֆիլմը: