Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացվեց թիվ 697-րդ բանաձևը, որտեղ ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բոլոր մակարդակներում (թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության) շփումների հաստատմանը: Այժմ բանաձևը ներկայացված է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը և պետք է արժանանա հանձնաժողովի հավանությանը՝ Կոնգրեսում քվեարկության դրվելու համար:
Ներկայացված բանաձևի մեջ հատկապես ուշադրության է արժանի ԱՄՆ կոնգրեսականների կոչը՝ Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարով ընտրված իշխանության ներկայացուցիչներին մասնակից դարձնել ԵԱՀԿ և այլ քննարկումներին, որոնք վերաբերում են Արցախի ապագային: Բացի այդ, բանաձևը հատուկ ընդգծում է Արցախում զարգացած ժողովրդավարական ինստիտուտների և բազմակարծությունն ապահովող քաղաքական համակարգի գոյության փաստը:
Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կունենան օրինագծի շուրջ քննարկումները, թեմայի արծարծումն արդեն իսկ դրական է՝ հանդիսանալով հետևողական աշխատանքի արդյունք: Հատկապես կարևոր են Արցախի Հանրապետության կայացվածության և նրա ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ շեշտադրումները:
ԱՄՆ կոնգրեսում ներկայացված բանաձևը ևս մեկ դրսևորում է վերջին շրջանում առավել ակտիվացած այն միտումների, երբ Արցախին անդրադարձը չի սահմանափակվում միայն հակամարտության խնդրով: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում պարբերաբար բարձրաձայնել Արցախում ընթացող ժողովրդավարական զարգացումները՝ ընգծելով Արցախի սուբյեկտայնությունը: Մյուս կողմից նման մոտեցումը հնարավորություն է տալիս անդրադառնալ այնպիսի խնդիրների, որոնց Արցախի բնակիչներն այսօր բախվում են չճանաչվածության պատճառով: Այդ խնդիրների շարքում է, օրինակ, բանաձևում տեղ գտած այն հանգամանքը, որ այսօր արցախցիները զրկված են միջազգային տարբեր հարթակներում իրենց ապագային վերաբերող հարցերի քննարկումներին մասնակցելու հնարավորությունից:
Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մակարդակի առավել խթանման համար անհրաժեշտ է նման նախաձեռնություներին շարունակական բնույթ հաղորդել: Օրինակ, կարելի է աշխատանքներ իրականացնել, որպեսզի նորից ուժի մեջ մտնի 1992թ. ուժի մեջ մտած, սակայն, 2001թ. ուժը կորցրած ԱՄՆ կոնգրեսի 907 բանաձևը, որով արգելվել է Ադրբեջանին տրամադրել ռազմական կամ որևէ այլ աջակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ագրեսիվ գործողությունները Հայաստանի և Արցախի դեմ: Սա, անխոս, կդառնա ԱՄՆ կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլ: