Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են նաև ընթացիկ տարում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթությունները, հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ գործողություններն ու ծրագրերը:
Անդրադառնալով խորհրդարանական փոխգործակցության առկա մակարդակին՝ կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցության առկա եղանակների փոխակերպմանը գործընկերության ձևաչափի: Այս համատեքստում կարևորվել է նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը և դրանց արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Սանդրա Կալնիետեի հետ: Քննարկվել են երկկողմ մակարդակում քաղաքական փոխգործակցության առաջնահերթությունները: Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համատեքստում կողմերը կարևորել են սոցիալական բաղադրիչի ներառականության սկզբունքը: Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ապահովման գործում խորհրդարանական գործընկերության առաջնային դերը:
Բրյուսելյան քառօրյա այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև ԵԺԿ խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ազգային խորհրդարաններում վավերացման սահուն գործընթացի ապահովումը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները»:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, խորհրդարանականների միջև արդյունավետ փոխգործակցությանը: