ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրասվում փակել Գուանտանամո բանտը և հանդես է եկել ահաբեկիչներին արտերկրում բանտարկության մեջ պահելու պրակտիկայի աջակցությամբ:
Ավելին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում ասվում է, որ Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների թիվը կարող է աճել:
«ԱՄՆ-ն կարող է նոր կալանավորներ բերել ամերիկյան ռազմածովային բազա, որը գտնվում է Գուանտանամոյի ծովածոցում, եթե այն լինի երկրի պաշտպանության օրինական շահերի շրջանակներում»,- նշվում է փաստաթղթում: Թրամփը բացատրել է իր որոշումը` նշելով, որ անցյալում ԱՄՆ-ը «հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների անիմաստ ազատ է արձակել, որպեսզի հետագայում նրանց հետ հանդիպի ռազմի դաշտում», այդ թվում՝ նաև ի նկատի ունենալով Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս առումով նա ընդգծել է, որ ահաբեկիչների հետ պետք է վարվել առանց «երես տալու»:
ԱՄՆ նախագահ Թրամփը, դեռ նախընտրական պայքարի շրջանակներում՝ 2016 թ. նոյեմբերին, դեմ է հանդես եկել բանտը փակելուն՝ հայտարարելով, որ բանտարկյալների տեղափոխումը սպառնում է երկրի անվտանգությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ցանկանում էր փակել բանտը: Նա 2009թ.-ի հունվարին անգամ ստորագրել էր բանտը մեկ տարվա ընթացքում փակելու հրամանագիր: Նա խոստացել էր բանտարկյալներին տեղափոխել ԱՄՆ տարածք կամ ուղարկել իրենց երկրներ: Սակայն, կոնգրեսականներն արգելափակել էին Օբամայի հրամանագիրը՝ նշելով, որ Գուանտանամոյում են նաև սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալները:
Նշենք, որ Կուբայի ռազմակայանում բանտը կառուցվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի միջազգային ահաբեկիչների համար: 2017-ի օգոստոսի դրությամբ, Գունտանամոյի բանտում եղել է 41 բանտարկյալ: 2002 թվականից ընդհանուր առմամբ ահաբեկչության և ծանր հանցագործությունների մեջ կասկածվող 779 բանտարկյալներ են այստեղ եղել: Մեկ կալանավորի համար տարեկան ծախսվում է 800 հազ դոլար:
Տեղեկանք
1898 թ. ամերիկյան զինվորները Կուբայի ապստամբների հետ միասին պարտության են մատնել իսպանական նավատորմին, որից հետո, 1903թ. փետրվարի 23, ԱՄՆ-ն՝ Կուբային չտալով ընտրության հնարավորություն, վարձակալել է նրա տարածքում գտնվող Իսպանիայի նախկին ռազմածովային բազան և հարակից ջրային տարածքը: Ստորագրված համաձայնագրի պայմանները Կուբայի համար ի սկզբանե շահավետ չէին: Պայմանագրով վարձակալության ժամկետը պայմանավորված էր «ըստ ժամանակի պահանջի» ձևակերպմամբ: Պայմանագիրն ինքնին «հավերժական» է և կարող է դադարեցվել «միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ, եթե վարձակալության պայմանները խախտվեն»:
Սակայն Կուբայի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի բազայի տեղակայումը անօրինական է՝ հղում կատարելով 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածին, համաձայն որի ոչ իրավահասար միջազգային պայմանագրերը (կնքված ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ) անվավեր են համարվում: Իր հերթին ԱՄՆ իշխանությունները վկայակոչում են նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածը, ըստ որի, Կոնվենցիան չի տարածվում նախկինում կնքված պայմանագրերի վրա:
Իրականում, աշխարհում գոյություն ունեն վիճահարույց սահմանների կամ վիճելի կղզիների շատ օրինակներ, սակայն ամերիկյան անկլավը Գուանտանամոյում աշխարհաքաղաքական անոմալիայի նման մի բան է: