ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին, հայտնում է Արմենպրեսը:
«Թումո» կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց. «Ես Հայաստանից չեմ գնացել, պարբերաբար եկել եմ: Ես եկել եմ Հայաստան դուք ինձ չեք ճանաչել, հավանաբար, փողոցում էլ տեսնեիք, չէիք ճանաչի: Բայց երկու տասնամյակ, չհաշված առաջին մի քանի տարին, երբ ծանր հիվանդ էի, ես հաճախ եմ եղել Հայաստանում, հանդիպումներ եմ ունեցել նաև գյուղերում: Ես Հայաստանից չեմ գնացել, շատ լավ գիտեմ Հայաստանը, այլ հարց է, որ կա սերունդ, որը ինձ չի ճանաչում»:
Նա հավելեց, որ շարունակում է իր աշխատանքային հանդիպումները տարբեր շրջանակների հետ` այդպիսով պատրաստվելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը, որը կլինի մոտակա օրերին:
«Եթե հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո կայացնեմ իմ որոշումը, խոստանում եմ պարբերաբար հանդիպել ձեզ հետ, զրուցել, պատասխանել ձեր բոլոր հարցերին: Լրագրողների նկատմամբ իմ հարգանքը շատ խորն է, ձեր դերը մեր երկրում շատ մեծ է, սակայն այդ դերում պետք է լինեք անաչառ և պրոֆեսիոնալ: Ես ձեզ դաս չեմ տալիս, պարզապես ներկայացնում եմ այն ակնկալիքը, որ ես ունեմ: Դուք պետք է պայքարեք վատի դեմ, բայց նաև աջակցեք և քաջալերեք լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Առաջիկայում Արմեն Սարգսյանն անպայման հանդիպում կունենա նաև Արցախի իշխանությունների հետ: