Կիպրոսի Հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում, հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,99 տոկոսը: Անաստասիադիսի մրցակից Ստավրոս Մալասը, ում աջակցում էր Կիպրոսի Աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը, կարողացել է ապահովել ընտրողների ձայների միայն 44,01 տոկոսը:
Նիկոս Անաստասիադիսը Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում է երկրորդ անգամ անընդմեջ: Նրա լիազորությունների ժամկետը կլրանա 2023 թվականին: Երդմնակալության արարողությունը նախատեսված է փետրվարի 28-ին:
Իր հաղթական ճառում Անաստասիադիսը խոստացել է շարունակել կղզու միավորման փորձերը: «Հիմնական մարտահրավերը, որը ծառացած է մեր առջև, մեր երկրի միավորումն է: Ես կշարունակեմ աշխատել նույն վճռականությամբ՝ ձգտելով հասնել մեր ընդհանուր նպատակին՝ բռնազավթմանը վերջ դնելուն և մեր պետության վերամիավորմանը»,- հայտարարել Է Անաստասիադիսը:
Կիպրոսի քաղաքական գործիչները արդեն շնորհավորել են նոր նախագահին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, Կիպրոսի որոշ քաղաքական գործիչներ բացասաբար են արձագանքել Անաստասիադիսի վերընտրմանը՝ նշելով. «ոչ թե Անաստասիադիսն է հաղթել, այլ Մալասն է պարտվել»:
Կիպրոսի միավորման հարցը Անաստասիադիսի կառավարման շրջանի գլխավոր առաջնահերությունն է լինելու: Անցյալ ամռանը ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունները ձախողվել էին, թեև կողմերը մոտ էին համաձայնությանը: Չնայած գործընթացի տապալմանը՝ փորձագետները կղզու վերամիավորմանն ուղղված բանակցային գործընթացում արձանագրում են զգալի առաջընթաց, որում, անշուշտ իր ներդրումն ունի նաև Անաստասիադիսը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: