Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ին պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: Նշվում է, որ խոսքը ձևական քայլի մասին է, քանի որ Նիդեռլանդների դեսպանն Անկարան լքել էր դեռ 2017 թվականի մարտին:
Ընդ որում, ինչպես ասվում է թագավորության կառավարության տարածած հաղորդագրությունում, Նիդեռլանդները մտադիր են պահպանել պատասխան արգելքը թուրք դիվանագետի համար, քանի դեռ Թուրքիան չի ընդունում իրենց դեսպանին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդեռլանդների դեսպանի վերադարձը երկիր անցանկալի էր հայտարարել այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չաուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր: Թուրք նախարարը մտադիր էր այցելել Ռոտերդամում կայանալիք հանրահավաքին՝ Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ քարոզչություն անցկացնելու նպատակով: Նշենք, որ Չաուշօղլուն Նիդեռլանդներում բնակվող թուրքերի շրջանում քարոզչություն անցկացնելու նպատակով այդ երկիր ժամանող միակ թուրք պաշտոնյան չէր, ում նիդեռլանդական իշխանությունները խոչընդոտել էին մուտք գործել երկիր:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հալբ Զեյլստրի խոսքերով վերջին շրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հույս էին ներշնչում, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն, սակայն երկրներն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել: Թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են եղել այդ անհաղթահարելի տարաձայնությունները, նախարարը չի հստակեցրել:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի շրջանակում Թուրքիայից դուրս քարոզչություն իրականացնելու թուրք պաշտոնյաների փորձերի պատճառով դեռևս լարված են մնում նաև Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները: Ընդ որում, եվրոպական առանձին երկրների հետ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր վատացման ֆոնին, ինչն էլ ավելի է բարդացնում կողմերի միջև երկխոսությունը: