Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չսպասելով հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրություններին, հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման վերաբերյալ Ադրբեջանում առկա հիմնական մոտեցումների, դրա դրդապատճառների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:
-Ինչու՞ են Ադրբեջանում արտահերթ ընտրություններ հայտարարվել. կա՞ արդյոք պաշտոնական բացատրություն:
- Այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան, հայտնի դարձավ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին, դրան պաշտոնական որևէ բացատրություն չտրվեց: Այդուհանդերձ, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Այդըն Միրզազադեն, ադրբեջանական մամուլին տված իր մեկնաբանությունում, նշել է, որ 2018-ը Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման 100-ամյակն է, որին Ադրբեջանը պետք է հավուր պատշաճի պատրաստվի: Նման մեկնաբանությունը տեղիք է տալիս՝ կարծելու, որ Ալիևը, «կոպիտ ասած» որոշել է արագ կազմակերպել և «արանքից հանել» իր 4-րդ ընտրությունները:
-Իսկ ի՞նչ են կարծում ընդդիմադիր ուժերը:
- Նշենք, որ ընդդիմադիր համարվող ուժերից իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել էին «Մուսավաթ» կուսակցությունից Իսա Ղամբարը և «Կլասիկ Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում բոլոր ազդեցիկ ընդդիմադիր գործիչները կամ բանտում են, կամ երկրից դուրս, դժվար թե նրանց հաջողվեր իրենց շուրջը մոբիլիզացնել ընդդիմադիր զանգվածներին և լուրջ խնդիր ստեղծել Ալիևի վերընտրվելու համար: Ուստի այն, որ Ալիևը վախեցել է ընդդիմության հնարավոր միավորումից, իրատեսական չեմ համարում՝ այսօրվա ադրբեջանական իրականությունը հաշվի առնելով:
Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայելովան նշում է, որ Ալիևը այս քայլով ցույց է տալիս, որ որևէ մեկին հաշվի չի առնում երկրում և կվարվի այնպես, ինչպես ցանկանում է. «Նման որոշում ընդունվում է պատերազմի, բնական աղետի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում: Իսկ իրենք առանց որևէ բացատրության, քննարկման նման որոշում են ընդունում»:
-Ձեր կարծիքով՝ որո՞նք են Ալիևի նման քայլի հիմնական դրդապատճառները:
- Ըստ իս՝ կարող են լինեն ներքին ու ինչ-որ տեղ նաև արտաքին պատճառներ: Նախ, Ադրբեջանում տնտեսական խնդիրների խորացումը. գաղտնիք չէ, որ կան լուրջ խնդիրներ բանկային համակարգում: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի համաշխարհային բանկի բաժնետոմսերը վաճառքի են հանվում: Որոշ խոշոր բանկեր փակվել են, ուստի հնարավոր է՝ Ալիևը վախենում է իրադրության հետագա հնարավոր վատթարացումից և սոցիալական դժգոհության խորացումից: Միգուցե նաև, Ալիևին հայտնի է դարձել, որ վերջին շրջանի կլանային վերադասավորումների պատճառով որոշ «դժգոհ» մնացած անձիք ներքին ընդդիմություն են ձևավորում, ուստի նա ցանկանում է արագացնել ընտրություններն՝ իր դիրքերն առավել ամրապնդելու համար:
Արտաքին գործոնների տեսանկյունից, հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ հայտարարվեին ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգամ Մամեդովի գործի պատճառով: Արևմուտքը շարունակում է քննադատել ադրբեջանական իշխանություններին, և որպեսզի այս տարվա հոկտեմբերին իր վրա չսևեռի արևմտյան կառույցների ուշադրությունը, Ալիևը դա կազմակերպում է գարնանը, երբ աղմկահարույց ընտրություններ են ընթանում նաև Ռուսաստանում, ինչի արդյունքում Ադրբեջանը կարող է խուսափել «առանձնահատուկ» ուշադրությունից և արևմտյան ճնշումներից:
Եվ ի վերջո, հնարավոր եմ համարում Ղարաբաղյան խնդրի հետ կապված զարգացումները: Միգուցե, Ալիևը հերթական սադրիչ գործողությունն է նախապատրաստում, ուստի ցանկանում է արագ վերընտրվել՝ դա կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ հայկական կողմերը պետք է զգոն լինեն՝ ադրբեջանական հնարավոր արկածախնդրությունը ժամանակին կանխելու համար: