ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի կարծիքով Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը, հայտնում է Artsakh Press-ը:
«Այն, ինչ մենք գիտենք Արցախի պետականության, ժողովրդի և դժվարությունների մասին, պետք է փոխանցել օտարներին: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, կապի մեջ լինելով եվրոպացի շատ պատգամավորների հետ, նրանց և այլ հասարակական խմբերի այցելությունները դեպի Արցախ համարում է իր առաքելության հիմնական նպատակներից: Այս օրերին արդեն իսկ Հայ դատի գրասենյակը կազմակերպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության այցը դեպի Հայաստան և Արցախ, որտեղ նա մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ»,-ասաց Շիրինյանը: