Շվեյցարիայի Ազգային ժողովի նախագահ Դոմինիկ դե Բյումանը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում խոսել է երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարների մասին, փոխանցում է «Ռուսարմինֆոն»:
«Մեր այցի նպատակն է առևտրային հարաբերությունների ամրապնդումը: Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ 2003թ. Շվեյցարիայի Ազգային ժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ես այն ժամանակ նոր էի ընտրվել պատգամավոր, և դա դարձավ իմ ամենակարևոր ձեռքբերումը: Մոտ 15 տարի անց ես եկել եմ Հայաստան պաշտոնական պատվիրակության հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է դը Բյումանը:
Նա որպես համագործակցության առավո կարևոր ճյուղեր առանձնացրել է արդյունաբերությունը, դեղագործությունը, գինեգործությունը, վերականգնվող էներգետիկան և նշել է, որ Հայաստանում լավ ներդրումային դաշտ կա: Նրա կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը Հայաստանին տնտեսական աճի նոր հնարավորություններ կտան: