Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «15 տարում թուրքերի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը վերադարձնելու համար»:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքին, Բուրսայում հիմնված Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթի ժամանակ Օսմանօղլուն մասնավորապես ասել է.
«11 տարեկանում եկա Թուրքիա: 13 տարեկանում ցանկացա այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պես «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին հիշում ենք, որպես «Կարմիր սուլթան»: Որտեղից ու՞ր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անվան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»:
Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրոնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արվել:
«Մարտի 31-ի դեպքը և նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նույնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պետք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թե ովքեր էին այն ժամանակվա (սուլթանի-խմբ.) թշնամիները: Թշնամի երկրներ ուներ, ընտանիքի անդամներից թշնամիներ ուներ: Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Պետք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցյալից»,- ասել է արյունարբու սուլթանի ծոռը: