ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 7-ին հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ Աժ մամուլի ծառայությունը:
Նշվել է, որ փոխգործակցության հիմնական ուղղություններն են պաշտպանության և անվտանգության բնագավառներում բարեփոխումները, օրենսդրության կատարելագործումը, հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողությունը, վերջինիս գործիքակազմի արդյունավետ կիրառումը:
Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև: Փաստաթուղթը հանդիսանալու է կողմերի միջև համագործակցության իրավական հիմքը՝ մինչև վեցերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Հուշագրի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ոլորտների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Փաստաթղթի իրականացման համար մշակվել են գործողությունների ծրագրեր, որոնց հիման վրա համատեղ մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու, այդ թվում` մասնագիտական վերլուծություններ, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի վերապատրաստման դասընթացներ ու միջազգային սեմինարներ, տրվելու են օրենքների և նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ:
Բարձր գնահատելով համագործակցությունը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ` Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում արդեն իսկ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ մասնավորապես պաշտպանության և անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետության գործում: