Իրանական մշակույթը Երևանում նաև տիկնիկների տեսքով

18:46     7 փետրվարի, 2018

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար  Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով, հայտնում է armradio.am-ը:

Իրանի դեսպանատան ներկայացուցչի՝ Պատկերասրահին նվիրած Դարան և Սարան (իրանական ամենահին անուններով աղջիկ և տղա) Իրանում հայտնի տիկնիկագործ Ֆարզանե Բաբայի  ստեղծած  աշխատանքների մոտիվներով  են:

«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը  նկատեց,  որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում»: Պարսիկ տիկնիկագործը որոշում է  ստեղծել ազգային տիկնիկներ, որոնք երեխաներին հնարավորություն կտային ծանոթանալու իրենց մշակույթին, տարազին, սովորույթներին:

Հանդիպմանը ներկա հայ տիկնիկագործներն էլ  երկու երկրներում ցուցահանդես-վաճառք կազմակերպելու  առաջարկությամբ հանդես եկան:

«Հայաստանն ու Իրանը հրաշալի համագործակցում են տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և այդ համագործակցության հիմքում, իհարկե, մշակույթն է, մշակութային ընդհանրությունները», -ասաց դեսպանատան ներկայացուցիչը:

Հոսեյն Շիրխանիի համոզմամբ, անհրաժեշտ են ավելի շատ քայլեր՝ միմյանց մշակույթը բացահայտելու, այն ներկայացնելու ուղղությամբ: Երևանի տիկնիկների պատկերասրահում հանգրվանած իրանցի տիկնիկները, որոնց հետագայում կմիանան ևս ութը, դեսպանատան պաշտոնյայի  խոսքով,  դեպի Պատկերասրահ կձգեն Հայաստան այցելող իրանցի հազարավոր զբոսաշրջիկներին: Այսպիսով, ստեղծվում է Երևանյան ևս մեկ «գայթակղիչ» հասցե իրանցիների համար:


© armedia.am