Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին այսօր Երևանի տիկնիկների պատկերասրահում էր՝ ոչ միայն հյուրի, այլև նվիրատուի կարգավիճակով, հայտնում է armradio.am-ը:
Իրանի դեսպանատան ներկայացուցչի՝ Պատկերասրահին նվիրած Դարան և Սարան (իրանական ամենահին անուններով աղջիկ և տղա) Իրանում հայտնի տիկնիկագործ Ֆարզանե Բաբայի ստեղծած աշխատանքների մոտիվներով են:
«Տարիներ առաջ Ֆարզանե Բաբայը նկատեց, որ պարսիկ երեխաները խաղում են հիմնականում եվրոպական ու ամերիկյան արտաքին ունեցող տիկնիկներով, ինչը չէր համապատասխանում նրանց առօրյա կյանքին ու պատկերացումներին: Պատկերացրեք՝ ամերիկյան Բարբի տիկնիկը պարսկական գյուղում: Հավանաբար ինքն էլ իրեն հարմար չէր զգում այդ միջավայրում»: Պարսիկ տիկնիկագործը որոշում է ստեղծել ազգային տիկնիկներ, որոնք երեխաներին հնարավորություն կտային ծանոթանալու իրենց մշակույթին, տարազին, սովորույթներին:
Հանդիպմանը ներկա հայ տիկնիկագործներն էլ երկու երկրներում ցուցահանդես-վաճառք կազմակերպելու առաջարկությամբ հանդես եկան:
«Հայաստանն ու Իրանը հրաշալի համագործակցում են տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և այդ համագործակցության հիմքում, իհարկե, մշակույթն է, մշակութային ընդհանրությունները», -ասաց դեսպանատան ներկայացուցիչը:
Հոսեյն Շիրխանիի համոզմամբ, անհրաժեշտ են ավելի շատ քայլեր՝ միմյանց մշակույթը բացահայտելու, այն ներկայացնելու ուղղությամբ: Երևանի տիկնիկների պատկերասրահում հանգրվանած իրանցի տիկնիկները, որոնց հետագայում կմիանան ևս ութը, դեսպանատան պաշտոնյայի խոսքով, դեպի Պատկերասրահ կձգեն Հայաստան այցելող իրանցի հազարավոր զբոսաշրջիկներին: Այսպիսով, ստեղծվում է Երևանյան ևս մեկ «գայթակղիչ» հասցե իրանցիների համար: