Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Սա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Վատիկան 59 տարվա ընթացքում:
Սակայն, ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, Հռոմի պապն անհարգալից է վերաբերվել Էրդողանին: Հանդիպման ժամանակ, որը 1 ժամից ավելի է տևել, Թուրքիայի նախագահին աթոռ են առաջարկել, որը տարբերվում էր Ֆրանցիսկոսի հարմարավետ բազկաթոռից, հայտնում է PanArmenian-ը՝ հղում կատարելով BAKU.WS-ին:
Ինչպես երևում է լուսանկարում, Էրդողանին կողքի հենակներ չունեցող աթոռ են առաջարկել, ավելի ցածր ու նեղ թիկնակով, մինչդեռ Հռոմի պապն ունեցել է ավելի բարձր բազկաթոռ ձեռքերի համար նախատեսված հենակներով, լայն թիկնակով և ոսկեզօծ շրջանակով: Երևում է, որ սենյակում, որտեղ անցնում էր հանդիպումը, ևս մի քանի նման բազկաթոռ կար դրված, սակայն Էրդողանի համար այլ աթոռ են բերել: Տեսնելով դա՝ Էրդողանը կտրուկ է արձագանքել: Նա անհապաղ պահանջել է, որ իր աթոռը փոխարինեն Հռոմի պապի բազկաթոռի նման բազկաթոռով:
Նրա համար բերել են այդպիսի բազկաթոռ և հանդիպումը շարունակվել է: