Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը որոշել է մեծ շուքով նշել ավանդական հայկական տոնը` Բուն Բարեկենդանը։ Ինչպես Sputnik Արմենիային է հայտնել ՀԱԵ վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը, այդ տոնակատարությանը հրավիրվելու են նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիները։
«Այս տարի տոնին, որը նշում ենք 2012թ-ից, քաղաքական, հասարակական գործիչների հետ միասին նախատեսում ենք հրավիրել էթնիկ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ թվում` ադրբեջանցիներին», - ասաց Խաչատրյանը։
Թեմը հույս ունի, որ ադրբեջանցիները կընդունեն հրավերը և հայկական ավանդական հարիսա կհամտեսեն. այդ ճաշատեսակին նվիրված փառատոնն այս տարի առաջին անգամ նշում են ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև ամբողջ Վրաստանում։
Փառատոնը մեկնարկել է փետրվարի 4–ին վրացական Ախկերպի գյուղում, մեկ շաբաթում այն կշրջի երկրի բոլոր հայաբնակ գյուղերով։ Հենց Բուն Բարեկենդանի օրը` փետրվարի 11–ին, տոնը կնշեն Վրաստանի բոլոր խոշոր հայկական գիտական և մշակութային կենտրոններում, ինչպես նաև եկեղեցիներում։