Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում է ձևավորում և չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2017 թվականին ՄԱԿ-ի խնդրանքով մենք սկսեցինք մշտական պատրաստության ոստիկանական ուղղվածության խաղաղապահ ստորաբաժանման ստեղծումը: Կարծում եմ, որ 2018 թվականին համապատասխան որոշումներ կկայացվեն. բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են: Մնում է համապատասխան նորմատիվ փաստաթուղթ ընդունել», - ասել է Սեմերիկովը:
«Վերջերս ոստիկանական հատվածի մասնակցությունը ՄԱԿ-ի առաքելության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նա:
«Մենք չենք բացառում, որ մեր ներուժը կարող է օգտագործվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում նաև՝ ռազմական կոնտինգենտում: Հետևաբար, հաշվի առնելով ՄԱԿ-ի պահանջները, մենք արդեն մի քանի տարի է պատրաստում ենք մեր խաղաղապահներին»,- ասել է նա: