Ադրբեջանի նախագահի «ադրբեջանցիների պատմական հողեր Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունները ծաղրանքով են ընդունվում նույնիսկ Ադրբեջանում: PanARMENIAN.Net-ին է ասել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Նույնիսկ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում Ալիևի այդ խոսքերին: Եթե հետևենք հատկապես երկրի երիտասարդության արձագանքին, ապա կտեսնենք, որ ուղղակի ծաղրում են, ասում են՝ «Ղարաբաղի խնդիրը չի կարողանում լուծել, Երևանից և Զանգեզուրից է խոսում»», - ասել է Բալայանը:
Նա հավելել է, որ ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ:
«Ալիևի ելույթը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարին ընդամենը արտաքին քաղաքական ձախողումները և ներքին սոցիալական խնդիրները կոծկելու միջոց էր»,- եզրափակել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հերթական անգամ սպառնալից ելույթով է հանդես եկել, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: