Ղարաբաղյան հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, փոխանցում է Panarmenian-ը:
Նա նշել է, որ ԵՄ-ում ակնկալում են, որ կողմերը կկատարեն լարվածության նվազեցման և բանակցային գործընթացի արագացման վերաբերյալ պայմանավորվածությունները: «Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով»,-ընդգծել է նա:
Մոգերինին նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկներին: