Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանաՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր հարթություններում: