ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, փոխանցում է PanArmenian-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ։ Նրանք այցելել են Զանգելանի, Կուբաթլիի, Աղդամի, Լաչինի և Քլբաջարի շրջաններում տեղակայված հատուկ վայրեր:
Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:
Նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում, որը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների՝ այդ թվում ուժի կիրառումը բացառելու սկզբունքի, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
Համանախագահները ողջունել են նաև կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով երկրներում ընտրական շրջանը», - ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ: