«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որտեղից նա ապօրինի կերպով ժամանել էր Ուկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական սահմանապահ ծառայության պետ Օլեգ Սլոբոդյանի օգնականը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Այսօր՝ փետրվարի 12-ին, Պետական սահմանապահ ծառայության զինծառայողները Միգրացիայի ծառայության եւ Ազգային ոստիկանության ներկայացուցիչների հետ Միխայիլ Սաակաշվիլիին տեղեկացրել են իրավասու մարմնի՝ իրեն նախկին բնակության երկիր վերադարձնելու որոշման մասին: Սակայն, ընթացակարգի իրականացման ընթացքում Միխայիլ Սաակաշվիլիի շրջապատից անհայտ անձինք հարձակվել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Սահմանապահները ստիպված էին պաշտպանվել եւ ուժ կիրառել», - նշել են ՈւՊՍԾ-ում: