Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է: «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է», - ասել Հայկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: