Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին նվիրված մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում, հայտնում է Armenpress-ը:
«Այս պահին չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց տարվա ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում: Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներն Արցախում արդեն մեկնարկել են»,- ասաց Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հայտնեց, որ փետրվարի 12-ին Մարտունի և Հադրութ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ, փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում:
«Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսաուղերձներ են հղել հայ ժողովրդի բարեկամները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից»,- մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Նա հավելեց, որ փետրվարի 19-ին և 20-ին Արցախում տեղի կունենան արդեն ավանդական դարձած տարբեր խոշոր միջոցառումներ, սակայն շեշտեց, որ ընդհանրապես միջոցառումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում:
Ըստ Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակի, գրեթե ամեն օր տարբեր միջոցառումներ են անցկացվելու համալսարաններում, դպրոցներում, կրթական այլ օջախներում, հեռուստատեսությամբ: