ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և դարավոր ավանդույթների վրա: Նշելով, որ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում իր ուրույն տեղն ունի խորհրդարանական գործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում արժևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաև ոլորտային հանձնաժողովների դերը:
Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ընդգծել է Միջխորհրդարանական միության շրջանակում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը:
Որպես կարևոր և արդյունավետ ուղղություն` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը` անհրաժեշտ համարելով ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան գործընկերության և փոխադարձ վստահության մթնոլորտում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը` համոզմունք հայտնելով, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու ևս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով:
Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: