Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր շնորհավորական ուղերձն է հղել տեսակապով:
«Բարև ձեզ: Երեսուն տարի առաջ՝ այս օրը, մարդիկ դուրս եկան հրապարակ՝ պահանջելու պատմական արդարության վերականգնումը: Դուք՝ միգուցե անձամբ, միգուցե մարդիկ, ում դուք ճանաչում կամ ճանաչել եք, կանգնեցիք հրապարակում և պահանջեցիք, որ Ղարաբաղը (Արցախը) վերամիավորվի Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը:
Սակայն ժողովրդի այս պահանջը չլսվեց. փոխարենը պատերազմ եղավ, որի արդյունքում դուք հաղթեցիք, մեծ զոհողությունների գնով հաղթահարեցիք դժվարությունները: Արդյունքում ունեցաք ձեր սեփական պետությունը, ժողովրդավարությունը, սեփական ինստիտուտները, ձեռք բերեցիք ապագայում ձեր սեփական ճակատագրերը տնօրինելու իրավունքը:
Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ: Բարձր եմ գնահատում այն բոլոր ջանքերը, որ դուք գործադրել եք 30 տարիների ընթացքում: Պի՛նդ եղեք, մենք ձեզ հետ ենք»,- նշել է Ֆ. Էնգելը: