Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին»,-ընդգծել է ՀՀ նախագահը։
Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: