2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով, դպրոցը հատուկ ծրագրով է իրականացվում, և չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է կատարել:
«Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ արդեն Հայաստանում հաջողությամբ աշխատում է Կոնֆուցիոսի կենտրոնը:
Նշենք, որ կրթահամալիրը գտնվելու է ականավոր հայ մտավորական և մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ: