Օրերս ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի քաղաքներից մեկի դպրոցում հերթական կրակոցներն են հնչել, ինչի արդյունքում սպանվեց 17 և վիրավորվեց մի քանի տասնյակ աշակերտ: Մարդասպանը այս դպրոցում ուսանած տասնիննամյա Նիկոլաս Կրուզն էր, ում վատ վարքի համար հեռացրել էին դպրոցից: Ոստիկանությունը հաճախ էր այցելում կամ տեղեկանում Քրուզի մասին:
Միջադեպի հետ կապված ամերիկյան դպրոցների աշակերտների շրջանում ինքնաբուխ շարժում է ծավալվել, որի ակտիվիստները պահանջում են խստացնել հրազենի առևտրի մասին օրենքները: Սոցիալական ցանցերի շնորհիվ հազարավոր դեռահասներ, որոնցից շատերը դեռևս քվեարկելու իրավունք չունեն, միացել են շարժմանը: Նոր շարժումն աչքի է ընկնում նոր ուժով ու հասունությամբ, ինչով էլ տարբերվում է նախորդ բողոքներից:
Այս ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո ամերիկյան այդ դպրոցի աշակերտ Ալեքսը և նրա ընկերներից չորսը քարոզարշավ են սկսել «այլևս երբեք» խորագրով: Դեպքից հետո մի քանի տասնյակ դեռահասներ անխոնջ քարոզչություն են իրականացնում, այդ թվում՝ ամերիկյան հեռուստաալիքներով՝ հայտարարելով, որ չեն հանձնվի և կշարունակեն պահանջել զենքի առևտրի արգելք:
«Սա խելագարություն է. 19-ամյա մարդն իրավունք չունի ալկոհոլ գնել, բայց կարող է հեշտությամբ գնել AP-15 ավտոմատ հրացան, մարտական զենք», - ասում են ակցիայի մասնակիցները:
Նրանք հայտարարել են, որ մտադիր են մարտի 24-ին երթ կազմակերպել «հանուն մեր կյանքի» կարգախոսով այլ կազմակերպությունների հետ համատեղ, որոնք աջակցում են զենքի վերահսկման միջոցների ներդրմանը:
Դեպքից օրեր անց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ֆլորիդայի նահանգում կրակոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ավելի հրատապ անվտանգության կանոններ ներկայացնեն զենքի վաճառքի հետ կապված: Նա ասել է, որ երեխաների մասին հոգ տանելը պետք է լինի ԱՄՆ իշխանությունների առաջին մտահոգությունը: Հաշվի առնելով, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ զենքի ազատ տիրապետման կողմնակիցներն են, Օբամայի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես կշտամբանք ուղղված իր քաղաքական մրցակիցներին: Թվիթերում կատարած նրա գրառման արձագանքից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ շատերը նրա խոսքերը հենց այդպես էլ ընկալել են:
Հարցին անմասն չի մնացել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա գրել է. «Ցավալի է, որ Հետաքննության դաշնային բյուրոն աչքաթող է արել Ֆլորիդայում նատեսված հրաձգության ազդանշանները: Սա անընդունելի է: Նրանք չափազանց զբաղված են՝ Թրամփի նախընտրական քարոզչության ռուսական միջամտության վկայություններ փնտրելով: Չկա որևէ միջամտություն: Գործ արեք, որպեսզի հպարտանանք արվածով»:
Դոնալդ Թրամփն առաջարկել է արգելել այն սարքերի վաճառքը, որոնք կիսավտոմատ զենքը վերածում են ավտոմատ հրացանների: Թրամփը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը ստեղծել այնպիսի օրինագիծ, որը կարգելի այդ սարքերի վաճառքը և օգտագործումը: Ըստ Թրամփի, դա տեղի կունենա շատ շուտով:
Օրերս Թրամփը նաև համաձայնել է, որ անհրաժեշտ է բարելավել զենք գնողների կենսագրության ստուգումների համակարգը: Օրինագիծը չի նախատեսում զենքի գնման նոր սահմանափակումներ, սակայն զենք ձեռք բերողի ավելի մանրամասն ստուգումների անհրաժեշտություն է նախատեսում:
Ցավալի է, բայց պետք է նշել, որ նման ողբերգություններն ԱՄՆ-ում մի տեսակ սովորական կյանքի մաս են դարձել: Վիճակագրության համաձայն՝ 2013-ին ամերիկյան դպրոցներում 37 միջադեպ է եղել, 2014-ին` 58, 2015-ին` 65, 2016-ին`48, անցյալ տարի՝ 65: Միջին հաշվով ստացվում է շաբաթական մեկ դեպք: Եվ դեպքերի գրեթե կեսում կան զոհեր և վիրավորներ: Եվ ինչ անել, ամերիկացիները չգիտեն: