Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել, գրում է «Էրմենիհաբերը»:
Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը ոչ այլ ինչ է քան հայ համայնքի իրավունքների ոտնահարում:
«Պետությունն արդյոք ի՞նչ հիմնավորմամբ է մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը: Ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ Մութքաֆյանը, իր այս հիվանդությամբ, բժշկության օգնությամբ կարող է երկար տարիներ ողջ մնալ: Այդ դեպքում, երբ հայտարարում եք, որ մինչև պատրիարքը չմահանա ընտրություն չի լինի, նկատի՞ ունեք, որ պատրիարքարանը երկար տարիներ կառավարվելու է ձեր նշանակած կառավարչի կողմից:
Բացի այդ, ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեից հետո նախագահ Էրդողանը պահաջեց, որ սեղմ ժամկետներում պատրիարքի ընտրության հարցը կազմակերպվի: Դրանից հետո արդյոք ի՞նչ փոխվեց, և ի՞նչու նա փորձեց խոչընդոտել ընտրական գործընթացին:
Նախագահ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ քննադատեց, որ Արևմտյան Թրակիայում մուֆթիի ընտրությունները չեն անցկացվում: Այդ դեպքում ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում երկար տարիներ հայ պատրիարքի ընտրության խոչընդոտումը՝ եկեղեցական ավանդույթները արհամարհելով, պետության կողմից մեկին որպես կառավարիչ նշանակելը և այդ որոշումները հայ համայնքին պարտադրելը»,-ասվում է հայ պատգամավորի հարցադրման մեջ: