Աշխարհի քաղաքական քարտեզին 1918 թվականին հայտնված Ադրբեջանն իր վրա է վերցրել այն ցեղասպան քաղաքականության շարունակականության ապահովումը, որը 1915-1923 թթ. իրականացվել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ: Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ քաղաքականության արդյունքում ամբողջովին հայաթափվել է Նախիջևանը՝ շեշտելով, որ հայաթափման սպառնալիքի պատճառով 1988 թվականին ծագել է արցախյան շարժումը: «Շատ հաճախ փորձագետները նշում են, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ի պատասխան արցախյան շարժման: Ամենևին այդպես չէ: Հստակեցնենք, որ դա տեղի է ունեցել հակառակ տրամաբանությամբ»,- ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած դաժանությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ գործ ունենք հետևողական ցեղասպանական քաղաքականության հետ, և հենց այդպիսին պետք է լինի գնահատականն այդ հանցագործության: