Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաև խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ, հայտնում է France Info ռադիոկայանը: Մակրոնի խոսքերով՝ հասարակությունը բախվել է մի խնդրի, երբ երիտասարդները ավելի հաճախ են հարբում թունդ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու արդյունքում, բայց գինին դրան դասել չի կարելի։ «Անձամբ ես գինի եմ խմում ցերեկը և երեկոյան»,-պատմել Է Ֆրանսիայի ղեկավարը: Նա հավելել է, որ իր նախագահության օրոք թույլ չի տա «ալկոհոլին և ծխախոտին վերաբերող օրենսդրության խստացմանն ուղղված որևէ փոփոխություն:
Ալկոհոլային օրենսդրության խստացմած շուրջ բանավեճը Ֆրանսիայում բորբոքվեց փետրվարի սկզբին, երբ երկրի առողջապահության նախարար Անիես Բուզինը հայտարարեց, թե «գինու ինդուստրիան ստիպում է հավատալ, որ գինին տարբերվում է ալկոհոլային մյուս խմիչքներից» և «մի շարք օգտակար հատկություններով է օժտված», թեև, ինչպես գիտական տեսակետից, այնպես էլ հասարակության առողջության տեսակետից «գինի խմելը նույնն Է, ինչ գարեջուր, օղի կամ վիսկի խմելը»: