Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինին արյունարբու չարագործ է անվանել և հավիտյանս հավիտենից անիծել է նրան: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում՝ հիշելով 1944 թվականի փետրվարի 23-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
«Չեչեն ժողովրդի հազարամյակների պատմության մեջ շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն, այս պատերազմներից ոչ մեկը ոչ մի կերպ համեմատելի չէ Ստալինի՝ (հավիտյանս հավիտենից անիծվի նա) չեչեն ժողովրդի դեմ ճնշումների հետ: 1944 թվականի փետրվարի 23-ին մեզ զրկեցին ամեն ինչից` հարազատ հողից, դարեր շարունակ ձեռք բերված մեր հայրենի տներից, վագոնների մեջ մտցրեցին, տարան և թողեցին Ալթայի լեռներում, Ղազախստանի տափաստաններում, արտաքսեցին կապարացինկային և ուրանի հանքերը», - գրել է Քադիրովը:
Նա նշել է, որ պատժվածներից ոմանք սովից ու հիվանդությունից են մահացել, մյուսները ողջ են մնացել իրենց ճշմարիտ հավատի շնորհիվ: Սակայն, չեչեններին ժողովրդի թշնամի են անվանել: Նա նաև հավելել է, որ հանրապետության բնակիչները հիշում են ազգային ողբերգությունը, բայց նոր Ռուսաստան են կառուցում: