ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով Արմեն Սարգսյանի գրասենյակին:
Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժևորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարների իրականացմանը:
Սարգսյանը շեշտադրել է, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները դեռևս բազում են, և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և հավաքական ջանքի ներդրում: