Իրանն ու Իսրայելը կարող են պատերազմել միմյանց դեմ արդեն հաջորդ տարի: Նման եզրակացության են եկել The National Interest-ի փորձագետները՝ վերլուծելով Մերձավոր Արևելքի այդ պետությունների գործողությունները:
Հեղինակները նշում են, որ Իրանն արդեն այսօր տարածաշրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նրա զինվորականները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են սիրիական պատերազմին: Իրանը նաև աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության ջոկատներին:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Իրանը և Իսրայելը փետրվարի առաջին կեսին արդեն ուղղակի բախում են ունեցել. իսրայելցի զինվորականներն իրենց տարածքում իրանական անօդաչու սարք են որսացել, ինչից հետո իսրայելցիներն իրանական ուժերի ուղղությամբ հարված են հասցրել: Դրան ի պատասխան սիրիական ՀՕՊ-ն իսրայելական F-16 է կործանել:
Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի սկսվելու մեկ այլ պատճառ կարող են դառնալ Իրանի ներքին խնդիրները: Այդ երկրի ղեկավարությունը կարող է հակամարտության գնալ երկրի տնտեսական դժվարություններից սեփական բնակչությանը շեղելու համար: