Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, հայտնում է ՀԵՀ-ը:
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով.
1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ
2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ
3. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում
4. Էրեբունի-Երևան 2800-ամյակ
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2018 թվականի փետրվարի 2-ից մինչև 2018 թվականի մարտի 2-ը, ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22: