Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հարյուրավոր հայ բնակիչներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել նրանց հրաժարվել ազգային ազատագրական շարժումից: 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, ցավոք, միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի», - ասել Բաբլոյանը:
Նա հավելել է, որ դատապարտման բացակայությունն ավելի է խրախուսել Ադրբեջանին այնուհետ իրականացնել էթնիկ զտումներ և ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում: