Ճապոնիան ընտրել է 2020թ. Տոկիոյի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի խորհրդանիշները: Հարցման արդյունքները հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ և սպիտակ վանդակով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության մեջ ուժեղ են այնպիսի գծերը, ինչպիսիք են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը և նորին ձգտելը:
Պարաօլիմպիական խաղերի խորհրդանիշը սպիտակ և վարդագույն թիկնոցով էակն է, որի գլուխը զարդարված է սակուրայի տերևներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «սակուրայից ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը գերբնական ունակություններ ունի:
Խորհրդանիշերի երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է 200 հազար դասարան: Կազմակերպիչների կարծիքով, սա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսևորման ամեն մի կասկածանք: Խորհրդանիշների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկած դասարանների 50 տոկոսից ավելին: