Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) իրավական հարցերի ղեկավար Րաֆֆի Գարագաշյանը Հայաստանի և Արցախի համար 70 միլիոն դոլար արժողությամբ «Խաղաղություն և բարգավաճում» օգնության փաթեթի առաջարկ է ներկայացրել ամերիկյան Սենատին, փոխանցում է «Արցախպրեսը»:
Հանձնախումբը դիմել է, մասնավորապես, Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծի մշակման համար պատասխանատու հանձնաժողովին: Ծրագրով նախատեսվում է օգնության փաթեթը տրամադրել Արցախի ականազերծման և վերականգնման, սահմանից դիպուկահարների հեռացման Ռոյս-Էնգել նախագծի կյանքի կոչման, ԱՄՆ-Հայաստան տնտեսական և ռազմական համագործակցության ծավալման և Հայաստանին Մերձավոր Արևելքում փախստականների ապաստարանին աջակցելու համար:
Րաֆֆի Գարագաշյանը, մասնավորապես, առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների վերականգնման համար և 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:
Նաև առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Առաջարկ-նամակում ANCA-ի ներկայացուցիչը կոչ է արել հանձնաժողովի անդամներին՝ Թրամփի վարչակազմին դրդել ամբողջապես կիրառել ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև վերջնականապես արդիականացված կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ստորագրել: