Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթին, որը Թուրքիային խորհուրդ էր տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի որոշումը:
Բոզդաղը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում Թուրքիայի կողմից անցկացվող ռազմական գործողության համար, փոխանցում է «Էրմենիհաբերը»:
«Մենք կարդացել ենք որոշումը, լավ ենք կարդացել: Այնտեղ թվարկվող շրջանների շարքում չկա Աֆրինը: ԻՊ-ը և դրա հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների վրա էլ չի տարածվում կրակի դադարեցման որոշումը»,- ասել է Թուրքիայի կառավարության խոսնակը:
Նախօրեին թեմայի վերաբերյալ հարցին պատասխանելիս Հիզեր Նոյերթը նշել էր, որ կրակի դադարեցման որոշումը վերաբերում է Սիրիայի ողջ տարածքին, այդ թվում՝ Աֆրինին:
Գերմանիայի արտգործնախարարությունը ավելի վաղ արած հայտարարության մեջ նույնպես նշել էր, որ 30-օրյա զինադադարի մասին ՄԱԿ-ի որոշումն ընդգրկում է Սիրիայի ողջ տարածքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում էր շեշտել, որ զինադադարն ընդգրկում է նաև Աֆրինը: