Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

11:07     2 մարտի, 2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կվիրիկաշվիլիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վրաստանի իր գործընկերոջն օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:


© armedia.am