Դաշնային ժողովի ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է երկրի վերջին ռազմական զարգացումները: Այս մասին փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին։ Նա նշել է, որ սա պարզապես ֆանտաստիկա է՝ հավաստիացնելով, որ «սա բլեֆ չէ»:
Ի՞նչ նոր ռուսական «սուպեր զենքի» մասին է պատմել Պուտինը:
«Սարմատ» բալիստիկ հրթիռ
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Նա նշել է, որ հրթիռը թռիչքի հեռահարության առումով սահմանափակումներ չունի և հաղթահարում է ցանկացած ՀՕՊ համակարգի դիմադրությունը: Նոր հրթիռային համակարգը կփոխարինի «Վոեվոդ» համալիրին, որը ստեղծվել է Խորհրդային Միությունում:
«Այն ունակ է հարձակվել թիրախի վրա հյուսիսային և հարավային բևեռով: Ոչ մի ՀՀՊ նրա համար խոչընդոտ չէ», - հավաստիացրել է Պուտինը:
Միջուկային շարժիչով նոր թևավոր հրթիռ
Միջուկային էներգետիկ սարքով նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացվել, որը գործողությունների անսահմանափակ ռադիուս կունենա և անկանխատեսելի թռիչքի հետագիծ: Հրթիռը թիրախին մոտենալու ժամանակ թռիչքի բալիստիկ հետագիծ չի օգտագործում, այնպես որ ՀՀՊ համակարգը նրա դեմ անզոր է:
Նման կառուցվածքով հրթիռը կարող է շրջանցել լեռները և հակահրթիռային և հակաօդային պաշտպանական գոտիները: Տեսանյութում այն արձակվում է Ռուսաստանի տարածքից, անցնում Խաղաղ օվկիանոսի հակահրթիռային պաշտպանության սահմաններով, Հարավային Ամերիկայով և հետո ուղևորվում ԱՄՆ արևելյան ափ:
Ոչ ոք, բացի Ռուսաստանից, դեռ այսպիսի զենք չունի, ասել է Պուտինը:
Հիպերձայնային «Կինժալ»
Պուտինը բացի այդ հայտարարել է նաև «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրի ստեղծման մասին և ցուցադրել այդ համակարգի փորձարկումների կադրերը:
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռի թռիչքատեխնիկական բնութագրիչները թույլ կտան «հաշված րոպեների» ընթացքում հրթիռին նետման կետ ուղարկել, իսկ հիպերձայնային արագությամբ (մինչև 10 անգամ գերազանցում է ձայնի արագությունը) սլացող հրթիռը հետագծի բոլոր հատվածներոմ կարող է մանևրել:
Պուտինը հավելել է, որ դա թույլ է տալիս հրթիռին հաղթահարել բոլոր առկա և հեռանկարային հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը՝ նպատակակետին մինչև 2 000 կմ հեռահարության վրա հասցնելով միջուկային և սովորական մարտական արկերը:
Ստորջրյա անօդաչուներ
Ռուսաստանում մշակվել են նոր անօդաչու ստորջրյա սարքեր, որոնք կարող են շարժվել շատ խորը տեղերում և միջմայրցամաքային հեռահարությունում այնպիսի արագությամբ, որը բազմակի անգամ գերազանցում է սուզանավերի, տորպեդների և վերջրյա նավերի արագությունը: «Դա պարզապես ֆանտաստիկա է», - ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ այդ սարքերը «ցածր աղմուկ, բարձր մանևրելու հատկություն ունեն և հակառակորդի նկատմամբ խոցելի չեն»: Նրանք կարող են հագեցած լինել սովորական և միջուկային զինամթերքներով և հարվածել թիրախների լայն շրջանակի` ավիակիր խմբավորումների, մարտական ամրությունների և ենթակառուցվածքների, թվարկել է նա:
«Ավանգարդ» հրթիռային համալիր
Մեկ այլ ռուսական հիպերձայնային զենքը, որի մասին նախագահն ասել է, «Ավանգարդ» խոստումնալից ռազմավարական հակահրթիռային համալիրն է՝ հիմնովին նոր մարտական տեխնիկայով, ճախրական թևավոր բլոկով:
Պուտինի խոսքով՝ համալիրը հաջողությամբ անցել է թեստերը, և ռուսական արդյունաբերությունը սկսել է սերիական արտադրություն: Այս համակարգը կարող է թռչել մթնոլորտի խիտ շերտերում, միջմայրցամաքային տիրույթում հիպերձայանյին արագությամբ, որը գերազանցում է Մախի թիվն ավելի քան 20 անգամ:
«Ավանգարդ» թևավոր բլոկը կարող է հետագծից շեղվելով մինչև 1000 կմ հեռավորության վրա մանևրել, ինչը նրան ցանկացած տեսակի ՀՀՊ համար գրեթեանխոցելի է դարձնում:
Ցուցադրված հոլովակում ներկայացվել է սարքի թռիչքի համակարգչային սիմուլյացիան: Արձակումից հետո հրթիռը տիեզերք է դուրս գալիս, նրանից անջատվում է աստիճանը, այնուհետ հարվածային բլոկը կտրուկ մանևրում է՝ շրջանցելով ՀՀՊ համակարգերը, մտնում մթնոլորտ և հարվածում: Պուտինն ընդգծել , որ չի կարող «ցույց տալ սարքի իրական կերպարը», բայց վստահեցրել է, որ «այն, ինչ գոյություն ունի լավ աշխատում է»:
Մարտական լազերային համալիրներ
Ռուսաստանում նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա խոստումնալից զենքեր են ստեղծվել` մարտական լազերային համալիրներ: 2017 թվականից դրանք արդեն սկսել են ռուսական զորքերում կիրառվել: Նախագահը չի մանրամասնել դրանց հատկանիշների մասին, միայն ասելով, որ Ռուսաստանը այս հարցում մեկ քայլ առաջ է անցել այլ պետությունների համեմատ:
Ավարտելով ելույթը՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր ռուսական նորագույն հրթիռային զենքերը անպիտան են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք:
Պենտագոնում էլ հայտարարել են, որ բացարձակապես զարմացած չեն, եւ «ամերիկացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք լիովին պատրաստված ենք»: